Ոստիկանության` Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սեռական շահագործման եւ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ Մ. Հովհաննիսյանը, նախնական համաձայնության գալով Թուրքիայում ժամանակավորապես բնակվող քրոջ աղջկա` Կ. Հարությունյանի հետ, Ա. Խ.-ին, նախկին պարտքը մարելու համար, 2010թ. փոտրվարի 10-ին փոխադրել են Թուրքիա` սեռական շահագործման նպատակով:

Կ. Հարությունյանը վերջինիս հանձնել է Թուրքիայի Կոնյա քաղաքի բնակչուհի, կավատ ոմն Աբլային, ով Ա. Խ.-ին ներգրավել է մարմնավաճառության մեջ: Գոյացած գումարի մի մասը Ա. Խ.-ից վերցրել է Աբլան, իսկ մնացած մասը` պարտքի դիմաց Կ. Հարությունյանը: Ապա Ա. Խ.-ն տեղափոխվել է Հայաստան` Գյումրի, որտեղ ներգրավվել է մարմնավաճառության մեջ:

Մ. Հովհաննիսյանը 2010թ. մարտի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում պոռնկությամբ զբաղվելու եւ պարտքը վերադարձնելու նպատակով Ա. Խաչատրյանին պարբերաբար տրամադրել է Գյումրի քաղաքում գտնվող իր տնակը: Հաճախորդներից ստացված գումարի զգալի մասը Մ. Հովհաննիսյանը վերցրել է պարտքի դիմաց, իսկ մնացած մասով` նրա համար սննդամթերք գնել:

Փաստի առթիվ ոստիկանության` Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Մ. Հովհաննիսյանին եւ Կ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, իսկ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: