Մարտի 25-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Հայաստանի անվտանգության քաղաքականությանը եւ Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին նվիրված դասախոսությամբ հանդես է եկել Անտվերպենի «Լեսսիուս» համալսարանական քոլեջում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցել են դասախոսներ, ուսանողներ, Եվրոպական հանձնաժողովի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ներկայացնելով Հայաստանի անվտանգության քաղաքականության ընդհանուր դրույթները, որոնք միտված են տարածաշրջանում առկա հակասությունների հաղթահարմանը, ընդհանուր շահերի շեշտադրմանը, բաժանարար գծերից ազատմանը` առաքելության ղեկավարը անդրադարձել է ՀԱՊԿ-ին անդամակցությանը, ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններին:
Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքները, Ադրբեջանի վարած խտրական քաղաքականությունը, ԼՂ ժողովրդի դեմ դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ դրա հետեւանքները, հիմնախնդրի կարգավորման ջանքերը:
Հյուսիսատլանտյան դաշինքում ՀՀ դեսպանը ներկայացրել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ այն արհեստական պատրվակներով ձգձգելու թուրքական կողմի փորձերը:




























