ԵԱՀԿ-ի նախարարների եռյակը աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ղարաբաղյան հիմնախնդրին քաղաքական խաղաղ լուծում գտնելու եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսության առաջխաղացման հարցում: Այս մասին հայտարարվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի եւ ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հանդիպման ժամանակ:

Հանդիպման նպատակն է սատարել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը: Նախարարները քննարկել են հիմնականում հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

Խոսելով  Մերձդնեստրի  հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ տարվող 5+2 ձեւաչափի բանակցությունների վերջին փուլի մասին, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի սկզբին Բրյուսելում, ԵԱՀԿ նախագահը նշել է. «Դա համագործակցության լավ օրինակ էր մեր ընդհանուր նպատակին հասնելու համար. անվտանգության ամրապնդում եւ բարգավաճում Արեւելյան Եվրոպայում»:

Կոժարան նաեւ նշել է, որ ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի հետագա համաձայնեցված ջանքերն անհրաժեշտ են նոյեմբերին՝ հաջորդ փուլում քննարկումների չընդհատվող աշխատանքն ապահովելու համար: