Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատար Նիլս Մուժնիեքսը մտադիր է մի շարք ուղղություններում շարունակել իր նախորդի աշխատանքները: Այս մասին նա հայտարարել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հրաժարվելով ուղղակիորեն մեկնաբանել 2008թ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները այն պատճառով, որ դեռեւս այդ կապակցությամբ այցելելու է Երեւան, նա միեւնույն ժամանակ համաձայնել է, որ անպատժելիությունը լուրջ խնդիր է: «Եթե կան մեղավորներ, ապա նրանք պետք է պատժվեն»,-ընդգծել է հանձնակատարը, հավելելով, որ այս պնդումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ կազմակերպության բոլոր երկրներին: «Որքան հասկանում եմ, խնդիրն ավարտված չէ, հետաքննությունը շարունակվում է»,-ընդգծել է հանձնակատարը, վստահեցնելով, որ հետեւողական է լինելու:
Իր հերթին Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ընդգծել է, որ «Մարտի մեկի իրադարձությունները» մնում են օմբուդսմենի եւ ԵԽ կոմիսարի ուշադրության կենտրոնում: Հետագա մեկնաբանություններից Կարեն Անդրեասյանը զերծ է մնացել՝ հիշեցնելով հետաքննության գաղտնիության մասին:





























