Ժամանակն է, որպեսզի Եվրոպան գիտակցի սիրիական ճգնաժամի լրջությունն ու խորությունը: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատար Նիլս Մուժնիեքսը՝ Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ Երեւանում բնակվող սիրիահայերին այցելելուց հետո:

Հանձնակատարի խոսքով՝ իր համար հարաբերականորեն նորություն էր, որ Հայաստանում կա մոտ տաս հազար սիրիահայ: Ինչպես հանձնակատարն է ընդգծել, սիրիական ճգնաժամի հետեւանքները զգալի են  Եվրոպայի տարբեր անկյուններում եւ հետաքրքիր էր իմանալ նաեւ Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ փախստականներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հայաստանին եւ զգացվում է, որ նրանց այստեղ ջերմ են ընդունել՝ հակառակ նրան, թե ինչ է այդ մարդկանց սպսվել եվրոպական մի շարք երկրներում: Սիրիահայերը բարձր են գնահատել Հայաստանի իշխանությունների ջանքերը: «Ակնհայտ է, որ շատերը կցանկանային իրենց մասնագիտությամբ աշխատել, ակնհայտ է նաեւ, որ դա դժվար է ապահովել»,-ընդգծել է հանձնակատարը: Նրա խոսքով՝ հաղորդագրությունը, որը նրանք խնդրել են փոխանցել Եվրոպային այն է, որ եվրոպական երկրները պետք է սիրիացի փախստականնրի համար շատ ավելին անեն:

Իր հերթին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ընդգծել է, որ սիրիահայերը խնդրել են հաղորդել՝ իրենց նորմալ են ընդունել, վերաբերմունքը լավն է. «Սակայն նրանք բողոքում են աշխատանքի բացակայությունից եւ սոցիալակն խնդիրներից: Հացն ու արդարությունը դեռեւս խնդրահարույց են»: