Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացնում  եւ զգուշացնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ըստ էության ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը:

Պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ ասվում է, թե դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հետեւանքով բացառվում է նյութական եւ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտման հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի դատավորին եւ պալատի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, այն դեպքում, երբ կարգապահական պատասխանատվության նշված հիմքերը կիրառելի են մնում առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների  դատավորների նկատմամբ:

Պաշտպանի գնահատմամբ՝ այս փոփոխությունների հետեւանքով առանց բավարար հիմնավորման տարբերակված մոտեցում է դրսեւորվումառաջին երկու ատյանների դատարանների եւ վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ:

Միջազգային չափորոշիչների ուսումնասիրությունը վկայում է, որ դատավորների կարգապահական պատասխանատվության համատեքստում տարանջատում բարձրագույն եւ մյուս դատական ատյանների դատավորների միջեւ չի իրականացվում,  գործածվում է «դատավոր» եզրույթը, որը վերաբերում է պետությունների դատական համակարգի բոլոր դատավորներին, անկախ կարգավիճակից:

Նախատեսվող փոփոխությունները համահունչ չեն նաեւ Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հետ, որը նախատեսում է վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ միայն նյութական իրավունքի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու հնարավորության բացառումը, մինչդեռ այս դեպքում բացառվում է նաեւ կարգապահական պատասխանատվությունը՝  դատավարական օրենքի խախտման հիմքով:

Նախագծով կարգավորվում է նաեւ դատարաններում գործերի բաշխման կարգը, սակայն Վճռաբեկ դատարանի համար այստեղ նույնպես նախատեսված է բացառություն. բաշխման համակարգ են ներառվում միայն այն բողոքները, որոնց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում է կայացվել, այն դեպքում, երբ  դատական վիճակագրության համաձայն՝  Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքների մոտ 90 տոկոսը վարույթ չի ընդունվում:

Մարդու իրավունքների պաշտպանն իր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացրել է դեռեւս նախագծի  մշակման փուլում: Թեեւ ներկայացված առաջարկությունների մի մասն ընդունվել է, սակայն, ցավոք,  հիմնական մտահոգիչ դրույթները մնացել են նախագծի տեքստում: