Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցները երկուստեք կարեւորել են պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը քաղաքական, պաշտպանական, ռազմական, կրթական եւ մշակութային ոլորտներում:

Նախագահը եւ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը կարեւորել են նաեւ միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ երկու երկրների համանման մոտեցումներն ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Նրանք համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ համագործակցության ներուժն ավելին է, քան այսօր օգտագործվում է, ինչը, զրուցակիցների համոզմամբ, նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին: