Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ եւ միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձեւաչափում շարունակելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը: