Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային: Կառավարության ղեկավարը ողջունել է ճանաչված մարզիկի այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի եւ ընդհանրապես սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը երիտասարդների շրջանում:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Երիտասարդ տարիներին մենք հպարտանում եւ մեծ ոգեւորություն էինք ապրում Ձեր հաջողություններով: Ուրախ ենք, որ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ հաստատել եք ջերմ կապեր եւ նախաձեռնել նոր ծրագրեր: Հայաստանի կառավարությունը շարունակելու է նոր միջոցներ ձեռնարկել՝ սպորտի մասսայականացմանը հասնելու նպատակով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Սերգեյ Բուբկան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սպորտի զարգացմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար: «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման ընդունելության: Հանդիպումներ ենք ունեցել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ: Կարեւոր է, որ այսօր սպորտի բնագավառը ղեկավարում են Յուրի Վարդանյանի եւ Ռոբերտ Էմմիյանի նման լեգենդար մարզիկները: Ուրախ ենք տեսնել, թե ինչպես է այսօր Հայաստանը վերականգնում իր սպորտային մեծ ավանդույթները»,- նշել է Սերգեյ Բուբկան: 

Տեղեկացվել է, որ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ առաջիկայում Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղադրվելու է աթլետիկայի ժամանակակից վազքուղի, ինչը թույլ կտա անցկացնել միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներ:

Սերգեյ Բուբկան շնորհակալություն է հայտնել նաեւ հոկտեմբերի 27-30-ը Բալկանյան երկրների ասոցիացիայի կազմում ընդգրկված ֆեդերացիաների մարզական արդյունքների տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը Երեւանում բարձր մակարդակով անցկացնելու համար: