Վաշինգթոնը հույսը դնում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունների «նոր ջանքերի եւ վստահության» վրա: Այս մասին Turan-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Անդրադառնալով համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցին՝ նա ասել է, որ իր աշխատանքի իմաստը երկու երկրների կառավարությունների եւ ժողովուրդների կողմից որոշման կայացումն է, որը տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն կապահովի: «Տարածաշրջանի հետ իմ ծանոթության արդյունքում տեսա, որ մարդիկ կարգավորում են ցանկանում եւ գիտակցում են, որ կորուստներ են լինելու… Եթե հակամարտությունը կարգավորվի, համոզված եմ, որ դա բարեկցություն կբերի Կովկասին: Այդ պատճառով պետք է փնտրենք ու գտնենք այնպիսի ուղիներ, որոնք մարդկանց ու կառավարություններին թույլ կտան հասնել այդ նպատակին»,-ասել է նա:
Տարածաշրջանում տիրող իրավիճակը «վտանգավոր» կոչելով՝ Ուորլիքն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սպառազինվել, չնայած որ հակամարտությունը «հայելային հնարավորություններ» ունի, եթե երկու երկրների առաջնորդներն ընտրեն խաղաղ տարբերակն ու Մինսկի խմբի ձեւաչափը: Հաշվի առնելով, որ այսօր միջնորդները երկար ժամանակ անց փորձում են բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել երկու երկրների առաջնորդներին, «կողմերի՝ միմյանց վստահելը կենսակարեւոր նշանակություն է ձեռք բերում»,-ընդգծել է նա :
«Հաջորդ շաբաթ պատրաստվում ենք այցելել տարածաշրջան՝ հանդիպելու երկու նախագահների հետ էլ: Հուսով ենք, որ նրանք հանդիպման մասին որոշում կկայացնեն»,-ընդգծել է Ուորլիքը:
Պատասխանելով սպասվող հանդիպման տեղի եւ ժամանակի մասին հարցին, դիվանագետն ասել է, որ «դա կախված է լինելու հենց նախագահներից»: «Հուսով եմ, որ դա շուտ տեղի կունենա, սակայն դա կախված է նրանցից: Այժմ հարկավոր է պրակտիկ քայլեր ձեռնարկել՝ որոշմանը հասնելու համար անհրաժեշտ բանակցություններ վարելու…Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները հենց դրան են սպասում»,-ասել է նա:





























