ԵՄ-ն հարգում է արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի որոշումը, եւ  մենք այժմ համագործակցության նոր ուղիներ եւ ձեւաչափեր ենք փնտրում: Այս մասին հոկտեմբերի 31-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը՝ հավելելով, որ հայկական կողմի հետ ներկայիս հանդիպումը կայանում է Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձային իրադարձությունից հետո եւ Վիլնյուսի գագաթաժողովից մեկ ամիս առաջ:

 «ԵՄ երկրները Հայաստանն ընդունում են որպես հիմնական գործընկերներից մեկը: Մենք տարբեր ձեւաչափերով ու տարբեր մակարդակներով սերտ համագործակցում ենք Հայաստանի հետ: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները շարունակում են զարգանալ, եւ մենք շարունակում ենք աջակցել այդ գործընթացին, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության զարգացմանը, խոսքի ազատության պաշտպանությանը, մարդու իրավունքների պահպանմանը:

Ցաբրնոխի խոսքով՝ Հայաստան այցի ընթացքում ինքը հանդիպել է նախագահի, ԱԺ խոսնակի, վարչապետի, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված ուժերի ներկայացուցիչների հետ. «Հայաստանի նախագահի հետ հանդիպումը շատ թափանցիկ էր, եւ նա ինձ ներկայացրեց այն պատճառները, թե ինչու Երեւանը երկրի արտաքին քաղաքականության համար շրջադարձային որոշում կայացրեց: