Վիլնյուսի գագաթաժողովում կշարունակվի Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման գործընթացը: Այս մասին հոկտեմբերի 31-ին Երեւանում կայացած  մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստան-Եվրամիություն  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը: 

Ըստ նրա՝ Եվրախորհրդարանը համաձայնել է «կանաչ լույս» վառել, եւ ինչպես Երեւանում վստահեցրել են Ցաբրնոհին, առաջիկայում Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը: Սակայն դա չի նշանակի, որ վիզա ստանալու անհրաժեշտությունը վերացվելու է, խոսքը միայն ավելի ազատական մոտեցման մասին է: 

Ցաբրնոխը նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: «Մենք պետք է կրկին փորձենք նոր  շունչ հաղորդել այն ծրագրերին, որոնք իրականացվել են Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման շրջանակում, քանի որ այն անհամատեղելի է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ»:

Իր հերթին Հայաստան-Եվրամիություն  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան համանախագահ  Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Հայաստանը եւս մեկ անգամ հաստատում է ԵՄ-ի հետ առավելագույն սերտացման իր ցանկությունը եւ այդ ուղղությամբ արվող քայլերը:  «Դա Հայաստանի համար հիմնական առաջնահերթություններից մեկն է: Մեզ համար կարեւոր է ԵՄ-ի աջակցության ֆինանսական եւ տեխնիկական բաղկացուցիչը: Այժմ բանակցություններ են տարվում Երեւանի եւ Բրյուսելի միջեւ՝ համագործակցության նոր օրակարգ սահմանելու համար»:

Ֆարմանյանը նշել է, որ Ազգային ժողովի առաջիկա  քառօրյա նիստի ընթացքում հայ խորհրդարանականները կողմ կքվեարկեն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագրի վավերացմանը: