Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ընդունել է Եվրախորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին եւ Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկիին: Նախագահի հյուրընկալած պատվիրակության կազմում եղել են նաեւ խմբի մի շարք այլ անդամներ:

Ընդգծելով, որ եվրոպական մերձեցումը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւորագույն բաղկացուցիչը, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի: Նախագահի խոսքով, եվրոպական արժեհամակարգին դավանող Հայաստանը պետության կառուցման եւ զարգացման ճանապարհին առաջնորդվում է հենց այդ չափանիշներով:

 Զրուցակիցները կարեւորել են Եվրամիության հետ Հայաստանի անցած տարիների ձեռքբերված համագործակցության մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: