Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը չի հաստատում տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վիլնյուսում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին դեսպանը հայտնել է լրագրողներին Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես կարծում եմ, տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Վիլնյուսում Արեւելյան համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է դեսպանը:

Ռ. Մորնինգսթարը հույս է հայտնել, որ նախագահների հանդիպումը, որտեղ էլ որ լինի, կայանալու է:

Հիշեցենք, որ մինչեւ տարվա վերջ բարձր մակարդակում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջերս Երեւան ու Բաքու կատարած այցերի ժամանակ: