Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հերքում է, որ այսօր Ազգային ժողովում իր եւ Կարինե Աճեմյանի միջեւ միջադեպ է եղել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց հետեւյալը. «Չկա նման բան, թե ով ինչ երեւակայություն ունի, թող ինքը որոշի»։

Ավելի անկեղծ գտնվեց Կարինե Աճեմյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ շատ տգեղ է, երբ այդ թեմայով մարդիկ խոսում են։ «Դուք ավելի լավ է Մարգարիտ Եսայանի ստատուսը կարդացեք եւ դա մեկնաբանեք։ Ես չեմ սիրում, որ իմ հետ բարձր տոնով են խոսում են եւ ընդհանրապես մարդ պետք է իրավունք վաստակի այդպես խոսելու»,- նշեց նա։

Կարինե Աճեմյանը շեշտեց, որ ինքը զուսպ է, բարեկիրթ եւ ամենեւին էլ կոնֆլիկտային չէ, բայց երբեք թույլ չի տա, որ ինչ-որ մեկը իրեն վիրավորի կամ խոսի այն տոնով, որով ինքը իրավունք չունի։  Դիտարկմանը, թե այժմ Մարգարիտ Եսայանի հետ չեք խոսում, պատգամավորն ասաց, որ ինքը իր բոլոր կոլեգաներին էլ բարեւում է։

«Որովհետեւ իմ հետ նորմալ տոնով չեն խոսել,ես էլ պատասխանել եմ։  Ես պատասխանել եմ ադեկվատ, ոչ ոք իրավունք չունի վիրավորվել, ես որեւէ մեկի հանդեպ անբարեկիրթ չեմ եղել երբեւէ, եւ թույլ չեմ տա,  որ որեւէ մեկը ինձ անտեղի վիրավորի»,- ասաց Կարինե Աճեմյանը։

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաեւ, որ ինքը երբեք արտասահմանյան ուղեւորությունների մեկնելու խնդիր չի ունեցել, կա մոնիթորինգ, որտեղ հստակ երեւում է, թե ով որտեղ է գնացել եւ ինչ է արել։

Ի դեպ, այդ միջադեպից հետո Մարգարիտ Եսայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր հետեւյալը.

«Որոշ պատվիրատուների, էս պահին իրենք իրենց բաժին հասածից ապշածների, անգրագետների եւ անբարոյականների առայժմ խորհուրդ եմ տալիս՝ ոչ մի կայքի կամ թերթի իմ անվան հետ կապված պատվերներ չտալ, ընդհանրապես, մոռանալ իմ անունը, որովհետեւ ինչքան էլ հաց ու պանիր ուտեք ինձ հասնել չեն կարող, եւ երկրորդ՝ պատվեր տվողներ, ձեր ականջները շատ երկար են եւ երեւում են: Առաժմ խորհուրդ եմ տալիս: Կրկնվելու դեպքում ձեր դեմ կսկսեմ պաքարել ձեր իսկ զենքով, չե՞ք կասկածում, չէ, որ բոլորիդ մասին լրջագույն տեղեկացվածություն ունեմ ....»։ Ավելի ուշ նա ջնջել էր իր այդ ստատուսը, խնդրել այն չվկայակոչել եւ գրել հետեւյալը. «Սիրելի ընկերներ: Խորապես ցավում եմ, որ էմոցիոնալ բռնկման պահին ես իմ ֆեյսբուքյան էջում ավել-պակաս բաներ եմ գրել: Հարգարժան գործընկեր լրագրողներ, գրեք իմ մասին ինչ ուզում եք՝ դա ձեր գործն է: Ձեր Մարգարիտ Եսայան»:

Նշենք, որ Tert.am-ը գրել էր, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության կին պատգամավորները լարված հարաբերություններ ունեն միմյանց հետ. «Ժողովուրդ» թերթի տարածած տեղեկությանը ականատես եղան նաեւ մի քանի լրագրողները:

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն ու Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-ի միջանցքում վեճի են բռնվել: Նրանք նախ ցածրաձայն փորձել են պարզել այսօր թերթում տպագրված հոդվածի պատճառները, ապա աստիճանաբար ձայները բարձրացրել եւ սկսել մեղադրել միմյանց: Երկու ՀՀԿ-ական պատգամավորներին փորձում էին հանգստացնել ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն ու ԱԺ նախագահի խոսնակ Գոհար Պողոսյանը։

«Քո ընկերուհիներն են գրել, ուրեմն մի բանից դժգոհ ես, որ գրել են»,- ասել է Կարինե Աճեմյանը, իսկ Մարգարիտ Եսայանը բարձրաձայն փորձել է հակադարձել։ Կարենի Աճեմյանը պահանջեց ձայնը չբարձրացնել։ «Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա, նոր եք եկել, մի քիչ աշխատեք, հետո...»,- ասել  նա:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր,  որ ՀՀԿ խմբակցությունում մթնոլորտը փոքր-ինչ լարվել է։ Պատճառն այն է, որ շաբաթվա վերջին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնական այցով մեկնի Բրազիլիա, Արգենտինա եւ Ուրուգվայ, ու շատ պատգամավորներ կյանքի գնով ցանկանում են շրջագայել նրա հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թեժ մրցակցություն է սկսվել հատկապես խմբակցության կանանց միջեւ, քանի որ մշտապես պատվիրակության անդամի կազմում լինում են Կարինե Աճեմյանն ու Մարգարիտա Եսայանը: Տիկնայք բոլոր միջնորդների օգնությամբ Հ. Աբրահամյանին «հասկացրել» են, որ այդպես արդար չէ, եւ պետք է այս անգամ կազմը փոխել: Հավանաբար այս անգամ հասել են իրենց նպատակին: