«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան պետական կորպորացիային ուղղված հայտը կվերաբերի ենթակառուցվածքներին: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա ասել է, որ «Մարտահրավերների» վերջին ինդեքսի համաձայն, Հայաստանը հաղթահարել է վերջին չբավարարող կետը՝ կոռուպցիայի ինդեքսը:

«Ավելի վաղ Հայաստանն այլեւս չէր կարողանում ֆինանսավորում ստանալ, որովհետեւ չէր բավարարում մի շարք չափանիշների, այդ թվում կոռուպցիայի եւ թափանցիկության ինդեքսներին: Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Հազարամյակի մարտահրավերներ»-ը հրապարակեց նոր ինդեքսները, որտեղ բոլոր չափանիշներով Հայաստանը անցողիկ է դարձել»,-ասել է նախարարն ու հավելել, որ ֆինանսավորման իրավունք ստանալով, Հայաստանը կարող է նաեւ այն միանգամից չստանալ:

«Կան մոտ 10 երկրներ, որոնք դիմել են ֆինանսավորման համար, ուստի չեմ կարող ասել՝ կաստանա՞նք մենք գումարներ եւ որքան ծավալով, բայց մենք կդիմենք՝ ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար»,-հայտարարել է Սարգսյանը: