Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ներուժն ամբողջությամբ չի գործարկվել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան (Chikahito Harada):

Ըստ նրա՝ ՀՀ նախագահի անցյալ տարվա այցը Ճապոնիա եւս մեկ քայլ էր երկկողմ հարաբերությունները խորացնելու հարցում: Այցի ժամանակ ստորագրվել էին հարաբերությունների զարգացմանը վերաբերող փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ սեյսմիկ ռիսկերի գնահատման բնագավառում, միջազգային կազմակերպությունների շրջանակում, հիշեցրել է դեսպանը: «Կարծում եմ՝ այդ բոլոր պայմանավորվածությունները կիրագործվեն: Որպես դեսպան՝ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասնեն», - ընդգծել է դիվանագետը:

Պատասխանելով զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցին՝ դեսպանը նկատել է, որ Ճապոնիայում քիչ բան գիտեն Հայաստանի մասին: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ հարաբերությունները զարգացնելու համար հայկական կողմը պետք է հրավիրի ճապոնական զբոսաշրջային կազմակերպություններին, ցույց տա Հայաստանը: Դա կնպաստի Ճապոնիայից Հայաստան զբոսաշրջիկների հոսքին, նշել է դեսպանը: