Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է ԱրՊՀ մի խումբ ուսանողների հետ` ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ: Տոնի առթիվ շնորհավորելով նրանց, Ա. Հարությունյանը կարեւորել է ուսումնառության տարիներին ստացած գիտելիքներն ու հասարակական ակտիվությունն երիտասարդ մասնագետների ապագա գործունեության մեջ: Վարչապետը հետաքրրքվել է ուսանողների կյանքի խնդիրներով, լսել` իրենց առօրյան ավելի հագեցած դարձնելու նրանց առաջարկությունները:
Նախ` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, այնուհետեւ հանդիպման մասնակիցները կառավարության ղեկավարին ներկայացրել են, մասնավորապես, պահանջարկ ունեցող առանձին բաժինների եւ մասնագիտացված կաբինետների բացակայությանը, հայաստանյան եւ արտերկրի բուհերի հետ կապերի ամրապնդմանը, ուսման վարձին առնչվող եւ այլ հարցեր: Որպես մայր բուհի խորհրդի նախագահ` Ա. Հարությունյանը ուսանողներին խոստացել է քննարկել հնչեցված առաջարկությունները, իսկ մինչ այդ, իր նախաձեռնությամբ, ԱրՊՀ մի խումբ ուսանողների համար կկազմակերպվի այցելություն ՀՀ բուհերից մեկը` ուսանողների միջեւ կապն ամրապնդելու, ուսումնական փորձի փոխանակման նպատակով:
Հանդիպման ավարտին ուսման մեջ ունեցած հաջողությունների, հասարակական բարձր ակտիվության, ինչպես նաեւ ԼՂՀ զինված ուժերում իրենց հայրենասիրական պարտքը լավագույնս կատարելու համար մի խումբ ուսանողներ արժանացել են դրամական խրախուսանքի եւ նվերների:




























