Ֆրանսիայում ձերբակալել են 26-ամյա անօթեւան տղամարդու, որը երկրի հարավում գտնվող գյուղում սպանել էր 90-ամյա բնակչի, հետո կերել էր նրա լեզուն ու սիրտը, հաղորդում է The Local-ը՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը: Այս պահին կասկածյալին ձերբակալել են:

Սպանությունը իրականացվել է նոյեմբերի 14-ին Նույան փոքր վարչական մասում, որը տեղակայված է Վերին Պիրենեայի դեպարտամենտում: Հանցագործը ներխուժել է իր զոհի բնակարան ու գլխին մետաղե ձողի հարվածով սպանել է ծեր տղամարդուն: Ձողը նա ձեռք էր բերել տան հարեւանությամբ գտնվող խորդանոցում:

Հետո մարդասպանը կտրել է զոհի լեզուն, հանել է սիրտը, եփել է դրանք ու կերել, դիակն այրել է, գրում է ֆրանսիական La Dépêche թերթը: Հետո նա հրդեհել է ողջ տունը: Կրակը նկատել է սպանվածի որդին, ով ապրում է հարեւանությամբ, որից հետ կանչել է հրշեջների, հաղորդում է Lenta.ru-ն:

Քննիչների տվյալներով՝ մարդասպանն ինքը ծագումով Վերին Պիրենեայի դեպարտամենտի Տարբ քաղաքից է: Նա նախկինում պնդում էր, որ ձայներ էր լսում: Դատախազության տեղեկությունների համաձայն՝ նա ծանոթ չի եղել նրանց, ում վրա հարձակվել է, ու գործել է իրեն լսելի ձայների թելադրանքով: Ընդ որում նախկինում նա դատապարտված չի եղել, հաշվառման չի կանգնել որեւէ հոգեբուժական դիսպանսերում: