Շատերը համարում են, որ բույրերը մարդու օրգանիզմի համար բուժիչ նշանակություն ունեն: Այս առթիվ ամերիկացի գիտնականները որոշել են ուսումնասիրություն կատարել ու ստուգել, արդյոք արոմաթերապիան իրական է ու ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ նա բույրերը շնչում է: 

Օհայոյի պետական համալսարանի գիտնականները հավաքագրել են կամավորների ու նրանց շնչելու համար տարբեր բույրեր են առաջարկել: Այնուհետ հետազոտողները ստուգել են փորձի մասնակիցների ճնշումը, սրտի աշխատանքն ու արյան նմուշները: Արյան անալիզը թույլ կտար որոշել բույրերի ազդեցությունը մարդու իմուն ու էնդոկրին համակարգերի վրա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ավանդական բժկությանը հայտնի բույրերից ընտրել էին երկուսը՝ կիտրոնն ու  լավանդան1՛ Դրանք պատահական չեն ընտրվել, քանի որ հենց այդ եթերային յուղերին են վերագրում այնպիսի հատկություններ, ինչպիսիք են օրգանիզմի ամրացում ու մարդու հոգեկան առողջության բարելավում: Սակայն փորձը չի հաստատել բուրավետ յուղերի տվյալ հատկությունները: Մարդկանց մոտ չէր նկատվում ոչ իմունիտետի բարձրացում, որ հոգեկան խանգարումների նվազեցում, ոչ պարբերական ցավերի կրճատում:

Գիտնականները միայն հաստատել են կիտրոնի բույրի ազդեցությունը տրամադրության բարձրացման վրա, ի տարբերության լավանդայի, որի հոտը մարդու մոտ որեւէ դրական զգացողություն չէր հարուցում: