Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին՝ ապրիլի 2-ին «Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել ճնշման տատանման հետեւանքով եւ այս պահին գտնվում է հիվանդանոցում, սակայն դուրս կգրվի առաջիկա մեկ ժամվա ընթացքում: Այդ մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանուշ Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Տիգրան Սարգսյանի՝ հիվանդանոց դիմելու եւ մեկ ամբողջ օր այնտեղ անցկացնելու փաստը:

Ըստ բժշկի՝ վարչապետի ինքնազգացողությունն այժմ լավ է, եւ նա պատրաստվում է այսօր իսկ՝ մոտ մեկ ժամվա ընթացքում, դուրս գրվել:

«Վարչապետը բժշկական կենտրոն է այցելել երեկ ժ. 12.30-ին։ Նախկինում նման խնդիրներով բժշկական կենտրոնին չի դիմել։ Բժշկական որեւէ սահմանափակում չենք դրել. նշանակվել է պրոֆիլակտիկ-դեղորայքային բուժում»,- ասել է բժիշկը եւ հավելել, որ ճնշման տատանումներ կարող են լինել ցանկացած առողջ մարդու մոտ։