Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը՝ հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպելու մտադրության մասին, վկայում է երկու բան. կամ Անկարան արմատապես փոխել է իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, կամ կրկին փորձում է հայերի հետ երկխոսության ակտիվացման պատրանք ստեղծել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ կուսակցության Հայ Դատի եւ քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանը:
Ընդ որում, նա քիչ հավանական է համարել, որ մեկ օրում Անկարան փոխել է Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը եւ որոշել է այդ կապակցությամբ երկխոսել Սփյուռքի հետ:
«Ավելի շուտ, Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին Թուրքիան փորձում է Սփյուռքի հետ երկխոսության պատրանք ստեղծել՝ կանխելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացող գործընթացը»,- նկատել է Չոբոյանը: Նա նշել է նաեւ, որ Սփյուռքի ներկայացուցիչները ավելի շուտ չեն հանդիպի նրա հետ, եթե հասկանան, որ դա կվնասի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Նշենք, որ օրերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր հայկական Սփյուռքի հետ հանդիպելու իր մտադրության մասին:




























