Վայրի բնության պաշտպանության եւ մշակութային ժառանգության հիմնադրամը (FPWC) Երկրագնդի օրվա 40-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում մի շարք միջոցառումներ կիրականացնի։ Ծրագրի նպատակը շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնության պահպանման խնդիրներին տեղյակ դարձնելն է։

Միջոցառումները կանցկացվեն ապրիլի 2-ից 22-ը եւ կներառեն Հայաստանի բոլոր շրջանները։ Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն էկոլոգիական խնդիրներին նվիրված վավերագրական ֆիլմեր, կտնկվեն ծառեր, նախատեսվում է մանկական ցուցահանդես, տեղի կունենա համապետական շաբաթօրյակ։

«Կանաչ սերունդ» միջոցառումների շրջանակներում ապրիլի 22-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կկայանա ծառատունկի հանդիսավոր արարողություն։ Ցեղասպանության 95-ամյակի նախօրեին 95 ծառ կտնկվի ի նշան նրա, որ նոր սերունդը պետք է հոգա ապագայի մասին՝ չմոռանալով անցյալը։