Սերբիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որ դատապարտում է 1995թ.-ին բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանությունները Սրեբրենիցայում, իրական հանդուրժողականության եւ մարդասիրության վկայություն է, որ բնորոշ է եվրոպական պետություններին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Թուրքիան, որ ձգտում է դեպի եվրոպական ընտանիք եւ փորձում է ապացուցել իր պատկանելությունը եվրոպական ռասային, պետք է օրինակ վերցնի Սերբիայից եւ ներողություն խնդրի հայերից 20-րդ դարասկզբին կատարած չարագործությունների համար, դա կլինի Թուրքիայի ձգտումների անկեղծության ապացույց»,- նկատել է պատգամավորը՝ հավելելով, որ Թուրքիայի համար, բացի Սերբիայից, ընդօրինակելու եւս մեկ օրինակ կա՝ Գերմանիան, որ ճանաչեց Հոլոքոստն ու ներողություն խնդրեց հրեաներից:
Նշենք, որ մարտի 31-ին Սերբիայի խորհրդարանը բանաձեւ ընդունեց՝ դատապարտելով Սրեբրենիցայում մահմեդականների սպանությունները:




























