Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 6-7-ը կլինի Փարիզում` իրականացնելու Ֆրանսիայում Թուրքիայի օրերի միջոցառումների փակումը:
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ` Էրդողանի փարիզյան այցի կարեւոր հատվածը ապրիլի 7-ին Ելիսեյան պալատում կայանալիք Էրդողան-Սարկոզի հանդիպումն է: Էրդողանի օրակարգի կարեւոր թեման է լինելու PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) դեմ պայքարը: Էրդողանը կհետաքրքրվի Ֆրանսիայի կողմից ձերբակալված PKK-ի զինյալներին Թուրքիային ետ չվերադարձնելու խնդրով: Հանդիպման օրակարգում է լինելու Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցությունները եւ թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Թուրքիայի վարչապետը կջանա համոզել Սարկոզիին, որ Ֆրանսիան վերացնի Թուրքիայի՝ ԵՄ-ին լիիրավ անդամակցելու դեմ դրված արգելքը:
Ֆրանսիայում Թուրքիայի օրերի փակումը տեղի կունենա ապրիլի 6-ի երեկոյան, որին մասնակցող 600 հրավիրյալների թվում կլինի նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահը:
Փարիզում նախատեսված է նաեւ Էրդողանի հանդիպումը Ֆրանսիայում ապրող թուրքերի հետ:




























