ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում խմբագրակազմի կատարած կրճատումների և թարգմանական վերախմբագրումների հետևանքով տեղ են գտել որոշ անճշտություններ: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը։

Մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ադրբեջանական տարբերակի վերաբերյալ նախագահը ասել է. «Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, հաշված ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել: Ցավոք նրանք դեռեւս համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ նշանակում է կարճ ժամանակահատվածի ընթացքում ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը»: Այս և մի քանի այլ անճշտությունների վերաբերյալ պարբերականի խմբագրակազմը խոստացել է ուղղումներով հանդես գալ, — ընդգծել է ՀՀ նախագահի մամլո խոսնակը: