Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մի շարք հատվածներում: Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակառակորդի կողմից ձեռնարկած բոլոր գործողությունները ստացել են ԼՂՀ Պաշտպանության բանակի համարժեք պատասխանը:

Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական կողմը 1088 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով զենքի տարբեր տեսակներ՝ «ԱԿ», «ԱԿՄ», «ՍՎԴ», «ԴՇԿ», «ՌՊԳ», «Ուտյոս»: ԼՂՀ բանակի դիրքերի ուղղությամբ ընդհանուր առմամբ բաց են թողել 7648 գնդակ:

Հատկապես ինտենսիվ էին խախտումները մարտին: Արձանագրված 454 խախտումների արդյունքում 2872 կրակոց է արձակվել, որոնցից 2553-ը «ԱԿ» եւ «ԱԿՄ» ինքնաձիգներից, 35-ը՝ խոշոր տրամաչափի՝ «Սեւ նետ» հրացանից, 193-ը՝ «ՍՎԴ»-ից, 91-ը «ՊԿ»-ից եւ այլն: