Նախագահի ընդդիմադիր նախկին թեկնածու, «Պաշտպանենք Վրաստանը» շարժման առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեն «հայրենիքը դավաճանելու» մեղադրանքի համար դատի կտա Միխայիլ Սահակաշվիլիին։ «Շաբաթվա ներկապնակ» թերթին տված հարցազրույցում ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ Սահակաշվիլին իրեն մեղադրել է «հայրենիքը դավաճանելու» մեջ, ինչն էլ տեղ է գտել «Իմեդի» հեռուստաալիքի մարտի 13-ի հաղորդումներից մեկի մեջ։
«Սահակաշվիլին հիստերիկ կերպով վախենում է իշխանությունը կորցնելուց՝ իմանալով, որ դրանից հետո կամ բանտ կընկնի կամ հոգեբուժարան»,- նշել է ընդդիմադիր գործիչը։ Լեւան Գաչեչիլաձեն ասել է, որ Վրաստանի նախագահը երկրում դասական բռնապետություն է հաստատել։
Հիշեցնենք, որ անցած տարի «Ռուսաստանի հետ խայտառակ կապեր ունենալու» մեղադրանքով նախագահի դեմ հայց էր ներկայացրել խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն, սակայն գործը մինչեւ հիմա դատարանում չի քննվել։




























