57-ամյա կինն ու տղամարդը, որոնք արդեն չորս ամիս է, ինչ միասին են ապրում, հանդիպել են ամուսնության կենտրոնում եւ պարզվել է, որ նրանք դասընկերներ են եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը:
Նրա ներկայացմամբ՝ տղամարդը` 57-ամյա Հ-ն հաճախ է այցելել իրենց կենտրոն ու չի կարողացել գտնել իր երկրորդ կեսին: «Մի օր մի կին` 57-ամյա Շ-ն, եկավ եւ պատմեց, որ 73 դպրոցում է սովորել եւ ամենահաջողական է եղել տղաների առումով: Բայց մինչեւ այդ Հ-ն, ով եւս 73 դպրոցում էր սովորել, պատմում էր, որ մի դասընկերուհի է ունեցել, որի նման ոչ ոքի չի սիրել: Հասկանալով, որ հասակակիցներ են ու նույն դպրոցից, այնպես արեցի, որ հանդիպեն: Դե սկզբում չճանաչեցին հետո իրար հարցնելով, թե ով է եղել քո դասղեկը, որ դասարանում ես սովորել , ով է եղել քո դասարանից ու այդպես իրար հիշեցին:
Ավելին` ասածս հեքիաթի է նմանվում, բայց պապին հենց այդ կնոջն էր դպրոցական տարիքում սիրել»,- պատմեց տիկին Մարտոյանը՝ հավելելով, որ նրանք երկուսն էլ ամուսնալուծված են եղել եւ հիմա արդեն 4 ամիս է ինչ միասին են ապրում:




























