Դանիայի թագավորական ընտանիքի Հելոուինից հետո հրապարակած նկարը, որն արվել է Գլյուքսբուրգների դինաստիայի 150-ամյակի կապակցությամբ, սուր քննադատության առարկա է դարձել: Տեսաբանները լուրջ քննադատության են ենթարկել հեղինակին` դանիացի նկարիչ Թոմաս Կլյուգին, որը դինաստիայի անդամներին ներկայացրել է ոչ թե լուսավոր դեմքերով եւ փառահեղ կեցվածքով, ինչպես որ պահանջում է ժանրի ավանդույթը, այլ մռայլ հայացքներով`միջնադարյան փլատակների չարագուշակ ստվերներում:
Այդ պատճառով էլ քննադատները «Թագավորական տուն» կտավը (նկարում պատկերված են թագուհի Մարգրեթե II-ը եւ արքայազն Հենրիկը, նրանց որդիները կանանց հետ` Ֆրեդերիկը եւ Յոհակիմը, ինչպես նաեւ ութ թոռները) հաճախ համեմատում են սարսափ ֆիլմերի ցուցապաստառի հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մոգական ռեալիզմի» ոճով կտավի վրա չորս տարի աշխատած նկարիչը զարմացած է թշնամական քննադատությունից: Կլյուգեն պնդում է, որ թագուհի Մարգրեթե II-ը հավանել է իր աշխատանքը:
Դանիայի Թագավորական տունը նկարի շուրջ ծավալված տարաձայնությունները չի մեկնաբանում:





























