Ֆրանսիացի լեգենդար դերասանուհի Բրիջիտ Բարդոն, որն իրեն նվիրել է կենդանիների պաշտպանությանը, նամակ է գրել Բելգիայի ներքին գործերի նախարար Ժոել Միլկեին, որում նրան կոչ է արել հրաժարվել տարիքի պատճառով դուրս գրված ոստիկանական ձիերի վաճառքից, հայտնել է RTL-TVI հեռուստաալիքը:

Այն մասին, որ  նախարարը պետմիջոցների խնայողության պատճառով նպատակահարմար է համարում վաճառել հեծյալ ոստիկանության դուրս գրված ձիերին եւ հրաժարվում է խնամել նրանց   «թոշակի ուղարկելուց հետո», Բարդոյին տեղեկացրել էին կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները:  Նրանք մտավախություն ունեն, որ  ֆիզիկական անձանց վաճառված ձիերը կարող են օգտագործվել ապօրինի ձիարշավներում, որոնցից հետո ձիերին սպանդանոց են ուղարկելու, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Միաժամանակ, Բելգիայի հեծյալ ոստիկանության պետ Բենուա վանն Հուտեն վստահեցրել է, որ խոսքը մսամթերքի վաճառակետերին ձիերի վաճառքի  մասին չէ: