Իրաքի արտգործնախարարի այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմհամագործակցության զարգացմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զգալիորեն ակտիվացել է: Նախարար Նալբանդյանը ողջունել է նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանատան վերաբացումը:

Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելությանհամար՝ նախարար Զեբարին ասաց, որ Իրաքը ցանկանում է խորացնելհամագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ իր այցելության հիմնական նպատակըհենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Հոշիար Զեբարին կարեւորեց հայ համայնքի ներդրումը Իրաքի զարգացման եւ բարգավաճման գործում։

Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերությունների խթանման՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային բնագավառներում փոխգործակցության  շուրջ։ Նախարարները արծարծեցին երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը։

Հյուրի խնդրանքով ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը:

Հոշիար Զեբարին Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Իրաքում կայունություն եւ անվտանգություն ապահովելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկվող քայլերի մասին:

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության, Սիրիայի հարցով Ժնեւ-2 համաժողովի կազմակերպման վերաբերյալ։

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Հայաստանի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջեւ փոխադարձ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, որին հետեւեց համատեղ մամլո ասուլիս։