«Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցելու մեկնող հայ մարզիկների հետ կատարված անախորժության գործի շրջանակներում Վիկտորիա Մ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Գործը հարուցվել է ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝  յուրացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Մեր տեղեկություններով՝ Վիկտորիա Մ-ի փաստաբանը Ժորա Հարությունյանն է: Վերջինս NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունը, սակայն կտրականապես հրաժարվեց որեւէ ինֆորմացիա տալ:

Նա միայն նշեց, որ առայժմ չի բողոքարկել կալանքի որոշումը: Իսկ թե ով է իր պաշտպանյալը, ինչ կազմակերպություն է նա ներկայացնում, վերականգնել է տոմսերի գումարը, թե ոչ, փաստաբանը չասաց: Փոխարենը, Ժորա Հարությունյանը ինքը սկսեց մեզ հարցեր ուղղել, նախեւառաջ, ամեն կերպ փորձում էր ճշտել, թե որտեղից ենք տեղեկացել, որ այս գործով մեղադրյալի փաստաբանն ինքն է, իր իսկ խոսքով՝ «մեր մասնագիտական ազնվությունն էր փորձում ճշտել», սակայն նրան կոչ արեցինք աղբյուրի բացահայտման պահանջ ներկայացնել դատարան: Այնուհետեւ նա, դիմելով NEWS.am-ի թղթակցին, ասաց՝ «դրական պատճառ ասեք, որ ես ձեզ պետք է ինֆորմացիա տամ»: Դիտարկումները, թե փաստաբան եք հանրային հնչեղություն ստացած մի գործով, որի շրջանակներում մյուս կողմերի հետ խոսել ենք, բացի ձեր պաշտպանյալի եւ նաեւ ձեր շահերից է բխում ինֆորմացիա տալը, իզուր էին:  «Ինֆորմացիա տալու իրավունքը իմն է, ձեր իրավունքը չէ, դրանից բացի օրենքը ինձ արգելում է, որ քրեական գործից ես ձեզ ինֆորմացիա տամ»,-ասաց գաղտնապահ փաստաբանը:

Իհարկե, փոքր-ինչ տարակուսելի է, որ կալանքի որոշումը բողոքարկել, չբողոքարկելը կարող էր դիտարկվել որպես նախաքննական գաղտնիք, առավել եւս՝  երբեւէ որեւէ փաստաբան չի խուսափել խոսել բողոքարկումների մասին:  «Ես զարմանում եմ, որ ուրիշ փաստաբաններ բերանները բացում են, տելեվիզրի առաջ խոսում են, ես դա շատ սխալ եմ համարում»,- ասաց Ժորա Հարությունյանը:

Թեեւ ի սկզբանե ներկայացել էինք, բայց NEWS.am անվանումը նրան ոչինչ չէր հուշել, եւ փաստաբանը հետաքրքրվում էր, թե ինչ գործունեությամբ ենք մենք զբաղվում, ինչու է մեր գործակալության անվանումը գրվում արտասահմանյան տառերով, բայց մենք իր հետ հայերեն ենք խոսում: Նա նշեց, որ ինքը «կամպյուտերից հեռու է, կամպյուստեր չի օգտագործում, ընդհանրապես ամեն ինչ ձեռքով է անում, ձեռքով է գրում, գրամեքենայի վրա եմ աշխատում, հին մարդ է»«:

Ժորա Հարությունյանը շեշտեց նաեւ, որ ինքը ՀՀ քաղաքացի է, իր պետությանը, լեզվին շատ նվիրված մարդ եւ մեզ ակնարկեց մտածել մեր անվանման մասին՝ հուշելով, որ «հայերեն լեզվով ինտերնետային հասցեներ կան»:

Գործի շրջանակներում նա միայն հայտնեց, որ առայժմ տեղյակ չէ՝  ներգրավված տուժող կա, թե ոչ: Ինչ վերաբերում է տոմսերի գումարի վերականգնմանը, ապա Ժորա Հարությունյանն այսպես հակադարձեց. «Դա արդեն ձեր լրատվական գործակալության գործը չէ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նշելով, որ ընկերությունը նոյեմբերի սկզբներին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղեւորվելու նպատակով 18 տոմս ձեռք բերելու համար  ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորիա Մ-ին փոխանցել է մոտ 12 մլն դրամ, որը վերջինս յուրացրել է. Դեպքի առթիվ նոյեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է յուրացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նույն օրը Վիկտորիա Մ-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: