Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 6-ին այցելել է Հադրութի շրջանի Տումի գյուղ, որտեղ հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրել է 2009 թվականին կատարած աշխատանքները եւ 2010 թվականի անելիքները, որից հետո անմիջական մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում համայնքի եւ երկրի զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ:

Բակո Սահակյանը նշել է, որ գյուղի շենացումը հանդիսանում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգի հանգուցային ուղղություններից մեկը, եւ այստեղ առաջընթաց ապահովելու համար առանցքային նշանակություն ունի աշխատանքների ճիշտ կազմակերպումը, նախաձեռնողական եւ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաեւ բյուրոկրատական քաշքշուկների հնարավորինս նվազեցումը:

Երկրի ղեկավարը նշել է, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահ եւ մասնակցել Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված կին արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: