Երեւանի կենտոնում 18:30-ին սկսվել է Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը։ Այն, ավանդույթի համաձայն, անցկացվում է «Մատենադարանին» հարող հրապարակում։ Ամբիոնում Հայ ազգային կոնգրեսի ղեկավարներն են՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Ցույցը վարում է Գրիգոր Հարությունյանը։

Ընդդիմության այսօրվա հանրահավաքը, ինչպես հայտարարվել էր անցած զանգվածային միջոցառման ժամանակ, ընթանում է ապրիլի 6-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի՝ Երեւանում մեկնարկած հերթական կոնգրեսին զուգահեռ։ Սպասվում է, որ տեւական ելույթ կունենա Տեր-Պետրոսյանը, որի ժամանակ ուշադրություն կհրավիրի Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վրա, ինչպես նաեւ գնահատականներ կտա հայ-թուրքական գործընթացին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։