Բրազիլիայում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցած հայ մարզիկներն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կլինեն Երեւանում: Նրանք հայրենիք են վերադառնում շախմատից մեկ ոսկե, լողից մեկ բրոնզե, իսկ ձյուդոյից երկու բրոնզե մեդալներով:

ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական Ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռեւս մարզիկներին մրցումների ուղարկելու նպատակով գնած տոմսերի գումարները «Բրենդ մեդիա տրանս» ընկերությունը չի վերադարձրել:

Արա Մեհրաբյանը արդեն երրորդ նամակն է ուղարկում ոստիկանություն եւ խնդրում պարտավորեցնել ընկերությանը վճարել ֆեդերացիայի միջոցներով գնված տոմսերի գումարը, որը ընկերությունն էր պարտավոր վճարել:

Նա տեղյակ է, որ գործի շրջանակներում ձերբակալված կին կա, որի հետո այդ ընկերությունը պայմանագիր է կնքել եւ ճանաչվել է տուժող, սակայն այս հանգամանքը իրենց չի վերաբերում: Ֆեդերացիան պայմանագիր էր կնքել «Բրենդ մեդիա տրանս» ընկերության հետ ավիատոմսերի գնման նպատակով, եւ նրանք, «Գնումների մասին» օրենքի համաձայն, իրավունք չունեին երրորդ կողմի հետ պայմանագիր կնքելու: «Հիմա, ըստ օրենքի, այդ կազմակերպությունը օրական 7000 դրամ տույժ պետք է վճարի, բայց ոչինչ էլ չի վճարել, ոչ էլ մեր գումարն են վերադարձրել: Մեր ի՞նչ գործն է, որ նրանց էլ գցել է այդ կինը, մենք այդ կնոջ հետ գործ չունենք, մենք ընկերության հետ ենք պայմանագիր կնքել»,- ասաց Արա Մեհրաբյանը:

Մարզիկներին Բրազիլիա ուղարկելու համար ավիատոմսերին ֆեդերացիայի բյուջեից վճարելու պատճառով այյժմ վտանգված են մի շարք ծրագրեր, մյուս տարվա կարեւորագույն մրցումներին մասնակցությունը, ֆեդերացիայի հետագա գործունեությունը: Արա Մեհրաբյանը հույս ունի, որ ոստիկանությունը շուտափույթ լուծում կտա եւ իրենք կստանան իրենց գումարները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նշելով, որ ընկերությունը նոյեմբերի սկզբներին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղեւորվելու նպատակով 18 տոմս ձեռք բերելու համար  ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորիա Մ-ին փոխանցել է մոտ 12 մլն դրամ, որը վերջինս յուրացրել է. Դեպքի առթիվ նոյեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է յուրացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նույն օրը Վիկտորիա Մ-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: