«Հայոց ցեղասպանությունը միշտ վառ է մեր հիշողության մեջ: Այն մի վերք է, որը չի սպիացել, եւ մենք պարտք ունենք այդ հիշողության առջեւ»: Այդ մասին հայտարարել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ ապրիլի 6-ին կայացած հանդիպմանը:
Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աբրահամյանը նշել է, թե նա Հայաստան է այցելել կարևոր իրադարձության ժամանակ. այս տարի Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) մյուս բոլոր անդամ պետությունների հետ միասին նշում է կազմակերպության 40-ամյակը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը ուրախությամբ նշել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի, եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում` մեր երկրի խորհրդարանի ստանձնած դերը:
Աբդու Դիուֆին, անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը, հայտնեց, որ այն մեծ դեր կարող է խաղալ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում, աջակցել ժողովուրդների միջեւ առկա խնդիրների լուծմանը:
Հովիկ Աբրահամյանը Աբդու Դիուֆին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի ցանկությունը` դառնալ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:




























