Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդա»-ի գործով դատավոր Մխիթար Պապոյանը փոխվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սույն գործով անցնող Քյարամ Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը: Նա ասաց, որ Մխիթար Պապոյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Աբովյանի դատարան, իսկ «բանդայի» գործով դատավոր է նշանակվել Աբովյանի դատարանից Կենտրոնի դատարան տեղափոխված Մեսրոպ Մակյանը:
Փաստաբանը նաեւ նշեց, որ նոր դատական նիստը դեռ չի նշանակվել, սակայն փոփոխությունից հետո դատական քննությունը 0-ից պետք է սկսեն:
Քյարամ Ամոյանի մայրն էլ ` Կարինե Ամոյանը դժգոհեց, որ որդու առողջական վիճակը գնալով վատանում է այնինչ գործին հանգուցալուծում տալու փոխարեն ժամանակ են երկարացնում: «Նախաքննությունը ոստիկանությունն է իրականացրել: Հետեւաբար` պահանջում եմ, որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում պահի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ խնդրին վերջնական լուծում տան: Լավ դատավորին էլ փոխեցին 0-ից դատ են սկսում: Եթե ապացույց չունեն բա դրանից հետո ինչ են անելու»,- դժգոհեց Քյարամ Ամոյանի մայրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի» գործով 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել: Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, իսկ Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել:
Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:





























