Հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը հույս ունի՝ Ադրբեջանը Մաքսային միությանը կանդամակցի, պարզապես պատգամավոր տեսակետ է, եւ դրա ետեւում այլեւս ոչինչ չկա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս փորձագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացման ու հայրենակիցների հետ կապի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու հայտարարությանը:
«Անկեղծ ասած ես չեմ լսել, որ Ադրբեջանը երբեւէ Մաքսային միությանը անդամակցելու դիմում ներկայացնի: Ես նույնիսկ առանձնապես ուշադրություն չէի դարձնի այս հայտարարությանը: Նման տեսակի որեւէ կառույցի անդամակցելու համար կարծում եմ, շատ մեծ լրացուցիչ աշխատանք է պետք տանել, ամենակարեւորը, այն պետությունների քաղաքական կամքը, որոնք մտնում են Մաքսային միության մեջ», - Վիկտոր Նադեին-Ռաեւսկին ընդգծել է՝ հավելելով, որ այս ամենն այնքան էլ պարզ չէ:
Փորձագետի համոզմամբ՝ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման դեպքում տեսականորեն հեռանկարում հնարավոր է Ադրբեջանի անդամակցությունը Մաքսային միությանը, եթե նույն Ադրբեջանի կողմից քայլեր արվեն ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանապարհին եւ այն հարցերի լուծման ճանապարհին, որոնք հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում են: «Աշխարհում ամեն բան հնարավոր է, սակայն Ադրբեջանի անդամակցումը ՄՄ եթե ոչ անիրական, ուրեմն ծայրահեղ հեռավոր ապագայի հարց է: Առայժմ հակամարտող կողմերի դիրքորոշումներում էական առաջընթաց չի նկատվում»,- նշել է Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ վստահեցնելով, որ ամենից առաջ պետք է ընդգծել, որ Ադրբեջանն ամենեւին չի ցանկանում Լեռնային Ղարաբաղը ճանաչել գոնե որպես բանակցող կողմ:
Նշենք, որ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացման ու հայրենակիցների հետ կապի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը կանդամակցի Մաքսային միությանը:





























