Ոչինչ չի խանգարում Իրանին գազը տարբեր գներով վաճառել սովորական ու բարեկամական երկրներին: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտրարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին: Դիվանագետի խոսքով՝ Իրանը պատրաստ է բարեկամական երկրների հանդեպ, ինչպիսին է Հայաստանը, ցուցաբերել այլ մոտեցում, քան մյուս երկրներ: «Ամեն ինչ կախված է երկու երկրների միջեւ պայմանավորվածություններից»,-նկատել է նա:
Ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանելու Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությունը, որ Իրանը գազը սահմանին կվաճառեր առնվազն 400 դոլարով, մինչդեռ Ռուսաստանը դա անում է 189 դոլարով, դեսպանը հայտարարել է, որ առայժմ չի տեսել հայկական ու ռուսական կողմերի՝ այդ մասին պայմանագիրը: «Պետք է պարզել, թե ինչպիսին է լինելու ռուսական գազի գինը, հետո բանակցել ու տեսնել, թե ինչպիսին կարող է լինել իրանական առաջարկը: Ամեն ինչ կախված է բանակցություններից»,-կրկնել է դիվանագետը:
Այդ կապակցությամբ դեսպանից հետաքրքվել են, թե որքանով է Իրանը, համեմատության համար, գազ վաճառում այլ երկրների, օրինակ՝ Թուրքիային: Ի պատասխան այդ հարցի, Ռեիսին նկատել է, որ նման համեմատությունները այնքան էլ ճիշտ չեն: «Իրանը Թուրքիային գազ է վաճառում շուկայական գներով, իսկ թե ինչ գնով մենք այն կվաճառեինք Հայաստանին, կախված է բանակցություններից: Տեսականորեն ոչինչ չի խանգարում Իրանին սովորական երկրներին գազը վաճառել 400 դոլարով, բարեկամական երկներին՝ 100»,-եզրափակել է նա:





























