NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Զազա Ջգարկավայի հոդվածը, որը հրապարակվել է «Georgia Today»-ում:
Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան վերածվեց շատ կարեւոր իրադարձության: Չնայած նա մի փոքր մռայլվել էր Ուկրաինայում տիրող հեղափոխական փոթորիկից, Երեւանում Վլադիմիր Պուտինի հայտարարությունը կարելի է համարել այս տարվա աշխարհաքաղաքական ամենակարեւոր ուղերձներից մեկը: Սա առավել նկատելի էր, քանի որ այցը տեղի ունեցավ Վիլնյուսի գագաթաժողովից մի քանի օր անց, երբ Հարավային Կովկասում եվրաինտեգրացման գործընթացները դանդաղեցին:
«Ինչ վերաբերում է Անդրկովկասին, ապա Ռուսաստանն այստեղից երբեք էլ չի պատրաստվել հեռանալ: Ընդհակառակը, մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերն Անդրկովկասում»,- խոստացել է Պուտինն իր հայ գործընկերոջը Երեւանում:
Ռուսաստանի նախկին վարչապետի ու ներկայիս նախագահի հայտարարություններում նոր գրեթե ոչինչ չկա: Նախագահ Պուտինը բաց ու հստակ հայտնում է բոլորին, որ Ռուսաստանի չի հեռանա՝ անկախ տարածաշրջանի պետությունների ցանկություններից:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն արդեն մերժել է եվրոպական իր հնարավորթյունը եւ մուտք է գործում Մաքսային Միություն, իսկ Ադրբեջանը հետաքրքրված չէ Եվրոպայի հետ մաքսերից ազատված առեւտրական հարաբերություններում՝ պարզ է, որ Վրաստանն ու նրա եվրոպական դաշնակիցները Պուտինի ուղերձի հասցեատերերն են:





























