Թեեւ Հայաստանն ու Թուրքիան այս փուլում դեմ են արտահայտվում հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, սակայն նրանց վրա լուրջ ճնշում կա: Ապրիլի 7-ին նման տեսակետ է հայտնել ՀՀՇ անդամ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա ներկայացմամբ, Հայաստանին պարտադրում են կատարել արձանագրություններում առկա նախապայմանները, որոնցից հիմնականը վերաբերում է ԼՂ խնդրին: Հ. Իգիթյանը նկատել է, որ Թուրքիան սկսել է ԼՂ խնդրի լուծման գործում իրեն պահել համանախագահ երկրի նման, եւ միջազգային հանրությունը առանձնապես դրան չի ընդդիմանում, ինչը շատ վտանգավոր է:
Այնուհետեւ անդրադառնալով Սերժ Սարգսյանի Վաշինգթոն այցելությանը եւ Սարգսյան-Օբամա-Էրդողան հնարավոր հանդիպմանը, նա ասաց. «Այդ հանդիպմանը երկու կողմերի վրա էլ ճնշում կլինի։ ԱՄՆ նախագահը կփորձի արագացնել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը՝ հօգուտ Թուրքիայի, որպեսզի Թուրքիային ստիպի ստորագրել հայ–թուրքական արձանագրությունները»:
Իսկ ապրիլի 24-ին Օբամայի կողմից ցեղասպանություն բառն արտասանելու հավանականության մասին էլ ասաց. «Նախագահ Օբաման ապրիլի 24-ին իր ավանդական ուղերձում լղոզված մի բառ կարտասանի: Հնարավոր է նա նաեւ ողջունի հայ-թուրքական գործընթացը, որը կայացավ երկու երկրների նախագահների շնորհիվ»:
Հիշեցնենք, որ Օբամա-Սարգսյան հանդիպում Վաշինգթոնում կայանալու է, իսկ եռակողմ` Օբամա- Սարգսյան-Էրդողան հանդիպման մասին տեղեկություններ դեռ չկան:




























