Այսօր Ազգային ժողովում պատգամավորները մերժել են երեկ քննարկված «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՅԴ խմբակցության օրինագիծը:

Հիշեցնենք, որ այդ օրինագծով ԱԺ-ն հնարավորություն էր ստանում միջազգային պայմանագրերը վավերացնել վերապահումներով: Ըստ դաշնակցական պատգամավորների, այս օրինագծով նախ հնարավորություն է տրվում, որ ԱԺ-ն վերապահումներ անի միջազգային պայմանագրերում, երկրորդ. ԱԺ-ն պետք է կարողանա կասեցնել և չեղյալ հայտարարել պայմանագրերը՝ մինչև ուժի մեջ մտնելը, և 3-րդ. ՀՀ-ն կարողանա դուրս գալ արդեն իսկ ուժի մեջ մտած պայմանագրերից, եթե դրա կնքումը իրականացել է ընթացակարգային խախտումներով:

Բացի այդ, ԱԺ-ն այսօր քննարկել է նաեւ «2010 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին" օրինագիծը: Ըստ այդմ, օրինագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ դրանով կառավարությունն առաջարկում է 1941-1945 թթ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել Խնայբանկում մինչեւ 1993-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցումը: Ըստ նրա, այդ իրավունքից 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կօգտվեն շուրջ 3700 վետերաններ, իսկ նրանց մահվան դեպքում ժառանգները այդ իրավունքից օգտվել չեն կարող: Այդ փոխհատուցումը բյուջեի վրա կնստի 700-900 միլիոն դրամ: