Այսօր Ղրղզստանի առաջին ազգային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընդդիմության առաջնորդներից Ալիքբեկ Ժեկշենկուլովը հայտնել է, որ երկրի հյուսիսում իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը, իսկ հարավում միայն որոշ շրջաններում է այն ժողովրդի ձեռքում:
Նա նաեւ նշել է, որ երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը լքել է հանրապետությունը: Նախագահ Բակիեւը «Մանաս» օդանավակայան է ժամանել մգեցված ապակիներով մի քանի զրահապատ Ջիպերից բաղկացած մեքենաների թափորով: Նրա թիկնապահները կրակ են բացել օդակայանի աշխատակիցների ուղղությամբ, շրջապատել նախագահի ինքնաթիռը, որից հետո մոտ 5 հոգի մտել են ինքնաթիռ եւ այն օդ է բարձրացել: Թե դեպի որ կողմ է ուղղություն վերցրել նախագահի ինքնաթիռը, դեռ հայտնի չէ, բայց ամենայն հավանականությամբ, այն չի կարող շատ երկար թռչել եւ վայրեջք է կատարելու հարեւան երկրներից մեկում:
Ալիքբեկ Ժեկշենկուլովը հայտնել է նաեւ, որ երկրի վարչապետ Դանիյար Ուսենովը գտնվում է կառավարության շենքում:
Քիչ ավելի ուշ Ղրղզստանի խորհրդարանի նախկին խոսնակ Օմուրբեկ Տեկեբաեւը պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ իշխանությունն ամբողջությամբ անցել է ժողովրդի ձեռքը: Նա հայտարարել է, որ մայրաքաղաք Բիշկեկի պարետ է նշանակվել ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Տուրատ Մադալբեկովը: Ընդդիմության առաջնորդը ներկայացրել է, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում երկրում կարգ ու կանոն հաստատելու համար:
Օմուրբեկ Տեկեբաեւը հայտնել է նաեւ, որ ընդդիմության մի քանի առաջնորդներ գնացել են բանակցելու պաշտոնատար անձանց հետ, որոնց գլխավորում է վարչապետ դանիյար Ուսենովը: Նրա խոսքով, նրանց առաջարկվելու է կամավոր հանձնել իշխանությունը ընդդիմությանն ու ժողովրդին, իսկ նրանց անվտանգությունը երաշխավորվելու է: Այս մասին հաղորդում է Pravda.kg կայքը։
Իսկ դրանից եւս մի քանի ժամ անց ընդդիմության առաջնորդներից «Ակ շումկար» կուսակցության ղեկավար Թեմիր Սարիեւը հայտարարել է, որ վարչապետը նույնպես հրաժարական է տվել:
ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնն արդեն հայտարարել է, որ ԵՄ-ն խորապես մտահոգված է Ղրղզստանում առկա իրավիճակով եւ կոչ է անում կողմերին զուսպ լինել եւ անմիջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ: «Խորը անհանգստություն է առաջացնում նաեւ ընդդիմադիր ղեկավարների ձերբակալություններն ու լրատվամիջոցների ազատության սահմանափակումը»,- ասել է նա, ով նաեւ կոչ է արել հետեւել սահմանադրությանը եւ հավատարիմ մնալ իր «ժողովրդավարական պարտավորություններին»:
Հիշեցնենք, որ կեսօրին Ղրղզստանում ընդդիմության կողմնակիցներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Ազգային հեռուստառադիոհեռարձակման շենքը։ Նրանք հայտնել են, որ ցուցարարների դեմ կիրրառվել են ոչ միայն ռետինե գնդակներ, այլ նաեւ մարտական փամփուշտներ, ինչի արդյունքում էլ մոտ 30 մարդ է զոհվել։
Միաժամանակ, ականատեսների վկայությամբ, Բիշկեկի կենտրոնում սկսել են թալանել առեւտրային կենտրոնները: Թալանվել է զենքի «Արսենալ սեքյուրիթի» խանութը: Բիշկեկի ՆԳ վարչության շրջանում լսվում են պայթյուններ: Չի բացառվում, որ ցուցարարները փորձում են գրավել մայրաքաղաքի ոստիկանության շենքը: Ընդդիմադիրները քննարկում են անազատության մեջ գտնվող նախկին պաշտպանության նախարար Իսմայիլ Իսակովի ազատելու հարցը:




























