Բիշքեկում անհայտ անձինք թալանել եւ հրդեհել են նախագահ Կուրմանբեկ Բակիեւին պատկանող տունը, հաղորդում է «Կաբար» գործակալությունը:
Ժիբեկ Ժոլու պողոտայում գտնվող տնից երիտասարդները երկար ժամանակ հանում էին իրերը, ապա այնտեղ հրդեհ է բռնկվել:
Ոչ պաշտոնական տեղեկություններով, Ղըրղզստանի նախագահը մի քանի մտերիմների հետ փոքր ինքնաթիռով լքել է երկիրը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահն ու պաշտպանության նախարար Բակիտբեկ Կալիեւը գտնվում են Օշի հարավային նստավայրում:
Վերջին տվյալներով, զանգվածային բողոքի արդյունքում Ղըրղզստանի մայրաքաղաքում զոհվել է 47 մարդ, եւս հարյուր հոգի վնասվածքներ են ստացել: Ղըրղզստանի իշխանությունները փակել են Ղազախստանի հետ սահմանը ղազախական կողմի խնդրանքով:
Հանրապետության ներքին գործերի նախարարը ցուցարարների կողմից դաժան ծեծի է ենթարկվել: Փոխվարչապետը վիրավոր է եւ գտնվում է գերության մեջ:




























