Ապրիլի 6-ին Երեւանում տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքը և երթը, ինչպես նաև մի շարք այլ հանրային միջոցառումներ, որոնք անցել են անսովոր մթնոլորտում: Ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ դրանք չեն ուղեկցվել բազմաքանակ ոստիկանության ներկայությամբ, ոստիկանության կողմից սպառնալիքներով, ցուցարարների նկատմամբ ճնշումներով եւ սադրանքներով, ինչպես նաեւ քաղաքացիների ազատ կամքի նկատմամբ ապօրինի միջամտություններով: Արդյունքում բոլոր միջոցառումները անցել են առանց առճակատման մթնոլորտի, կազմակերպված, հասարակական կարգի բացառիկ պահպանումով:
Իշխանությունների նման կեցվածքը ունի միայն մեկ բացատրություն: Հայաստանում մեկնարկել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում են մոտ 400 հեղինակավոր իրավապաշտպաններ ամբողջ աշխարհից: Ուստի, իշխանությունները որոշել են դիմել էժանագին խորամանկության եւ միջոցներ ձեռնարկել, որ համաժողովի մասնակիցների համար տեսանելի չլինի բռնապետության իրական դեմքը:
Այն հանգամանքը, որ համաժողովի անցկացման ժամանակաշրջանում իշխանությունները որոշել են կատարել իրենց սահմանադրական պարտականությունները, բացահայտեց մի քանի իրողություն,
-նախ՝ ակնհայտ է, որ իշխանությունների մտահոգված են միայն ժողովրդավարական իմիտացիոն քողածածկույթի ստեղծմամբ, բայց ոչ երբեք ժողովրդավարական ազատությունների ապահովման իրենց անմիջական պարտականություններով,
-երկրորդ՝ անվիճելի է, որ ընդդիմությունը եւ հասարակական կազմակերպությունները գործում են օրենքներին համապատասխան եւ ի վիճակի են սեփական ուժերով պահպանել հասարակական կարգը,
-երրորդ՝ ակնհայտ է, որ երկու տարի շարունակ իշխանությունների եւ նրա կամակատար գործիք դարձած ոստիկանության նպատակը եղել է ոչ թե հասարակական կարգի պահպանումը, այլ համաժողովրդական շարժումը ճնշելու նպատակով սադրանքների եւ հալածանքների իրագործումը, այսինքն՝ հենց ոստիկանությունն է մշտապես հանդես գալիս հասարակական կարգը խախտողի դերում:




























