Երկու քաղաքացիների՝ բենզինի հորն ընկնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա նշեց, որ «Վարգոս» ԲԲԸ-ի աշխատակիցներ Մամիկոն Հմայակի Զաքարյանը եւ Արման Հայկարամի Մամիկոնյանը  N զորամասի տարածքում գտնվող վառելիքի պահեստարանում ամբարներից մեկի վերանորոգման աշխատանքներ  կատարելու ժամանակ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14-55-ի սահմաններում, շնչահեղձ են եղել եւ մահացել` նաֆթամթերքի գազերով թունավորման ֆոնի վրա:

«Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Վարգոս»  ԲԲԸ-ի միջեւ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա՝ վերջինիս ուժերով: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 157 հոդ. 2-րդ մասով (աշխատանքի  պաշտպանության կանոնները խախտելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- հայտնեց Մերի Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Արծվի հուշարձանի մոտ գտնվող վառելիքի բազայում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 15-ի սահմաններում, քաղաքացին ընկել է բենզինի դատարկ հորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 15.40-ի դրությամբ հրշեջ-փրկարարները հորից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնց շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանք մահացել են: