NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել բենզինի հորն ընկած քաղաքացիների մասին: «Աբովյանի» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրանք երկու տղամարդ էին, ովքեր մահացել էին մինչեւ հիվանդանոց տեղափոխել: Նրանցից մեկը 57-ամյա Մամիկոն Հմայակի Զաքարյանն է Երեւանից, իսկ մյուսը՝ 27-ամյա Արման Հայկարամի Առաքելյանն է՝ Արարատի Այգավան գյուղից: Գյուղացիները, սակայն, նման անձնավորության չճանաչեցին:
Ոստիկանության Աբովյանի բաժնից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի քննությամբ իրենք չեն զբաղվում, դա զորամասի ենթակա տարածք է, հետեւաբար գործով զբաղվում է Ռազմական ոստիկանությունը: Դեպքի առթիվ ՌՈ-ում նյութեր են նախապատրաստվում: Նախնական տեղեկություններով՝ մահացածները քաղաքացիական հագուստով էին եւ ծառայողներ չէին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Արծվի հուշարձանի մոտ գտնվող վառելիքի բազայում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 15-ի սահմաններում, քաղաքացին ընկել է բենզինի դատարկ հորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 15.40-ի դրությամբ հրշեջ-փրկարարները հորից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնց շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանք մահացել են:





























