ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը  կողմ է Մաքսային միության անդամակցությանը, բայց ոչ այս տարբերակով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՍԴՀԿ նախկին ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը եւ ավելացրեց, որ որպես Հնչակյան կուսակցության գաղափարները կրող ինքն էլ է գիտակցում, որ մեզ համար ամենառաջնահերթ խնդիրը անվտանգությունն է:

Միաժամանակ նա այն համոզմանն է, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում մենք  պետք է ոչ թե ենթարկվենք, այլոց կանոններին, այլ մենք էլ մեր կանոնները թելադրենք: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ ինտեգրմանը նշեց, որ իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցությունները սկսելով  փորձում էին հասնել նրան, որ Պրեսկոտի նմանները մեր ընտրությունները  եվրոպական չափանիշներին համապատասխան համարեին,  քանի որ իշխանությունները խոստացել էին, որ ստորագրելու են ասոցացման համաձայնագիրը:

«Հակառակ դեպքում Եվրոպան կույր չէր, որ չտեսներ, թե  ինչ է կատարվում: Այսօր Եվրոպան կոտրած տաշտակի առաջ է կանգնած: Նրանք պետք է գիտակցեն, որ մեզ մոտ իշխանության են գալիս մարդիկ, ովքեր պատասխանատվություն չեն կրում իրենց խոսքերի նկատմամբ»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը: