Երեւանի հնաբնակերից Սահակը (նրա խնդրանքով անունը փոխված է), առանձնատան սեփականատեր է, ունի իր բիզնեսը: Իհարկե, տարվա ցուրտ շրջանում բնակարանը ջեռուցում է մինչ ջրհեղեղի դարաշրջանի փայտի վառարանով: Բանն այն է, որ «առանձնատունը», այսպես կոչված «սեփական տունը», մեկ հարկանի բնակարան է: Այդպիսիք, որոնց հատակը երկրի մակերեւույթին է հավասար, Երեւանում շատ են:
Իսկ ահա Սահակի «բիզնեսն» իրենից ներկայացնում է երկու քմ մակերեսով փոքրիկ խցի պատուհանից ծխախոտի, ոչ ոգելից ըմպելիքների, թխվածքաբլիթների վաճառք: Այս ապրանքները ձեռք են բերվում մոտակա խանութներից եւ 10-15 դրամ ավելացնելով իրացվում է պատահական անցորդների կամ հարեւանների շրջանում: Այնպես որ «բիզնեսից» ստացվող եկամուտը չնչին է:
Կար մի ժամանակ, երբ հանրային բնակարանային շինարարության թեժ պահին նման «առանձնատների» քանդում էին,սեփականատերերին տրամադրվում էին բնակարաններ պետական շենքերում: Իսկ այլ տները թաքնվում էին բակերում, այնպես, որ իրենց խղճուկ տեսքով չվիրավորեն մայրաքաղաքի հյուրերի հայացքը: Նման տները մայրաքաղաքում այժմ քիչ չեն, նույնիսկ էլիտար կենտրոնում, բավական է միայն գնալ բարձրահարկ շենքերով շրջապատված ցանկացած բակ:
Երեւանի բնակարանային ֆոնդը, ընթացիկ տարվա սկզբի տվյալներով, ավելի քան 203.1 հազար միավոր է, որից մոտ 81 տոկոսը կազմում են բնակարանները, մնացած 19 տոկոսն առանձնատները: Վերջին տասնմեկ տարվա ընթացքում ֆոնդն ավելացել է 42.7 հազար միավորով, այդ թվում նաեւ առանձնատները՝ գրեթե 25,9 հազար միավորով: Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում առանձնատների թիվն աճել է մոտ 1.9 անգամ: Այսինքն գրեթե կրկնապատկվել է: Բայց կա մեկ նրբություն:
Շատ ապահովված քաղաքացիներ գնում հին սեփական տներն իրենց հողատարածքով, հատկապես Երեւանի կենտրոնում, քանդում էին այնտեղ առկա շինությունները եւ առանձնատների կառուցում՝ բառի իսկական իմաստով: Հետեւաբար, նոր «սեփական տները» մայրաքաղաքում ավելի շատ են, քան հետեւում է վերոհիշյալ ցուցանիշից:
Ի դեպ, Երեւանում բնակարաննների թիվը 34 հազարով ավելի է, քան ընտանիքների հաշվարկային թիվը: Կարելի է եզրակացնել, որ տասնյակ հազարավոր երեւանցիներ ունեն երկու (ոմանք անգամ ավելի) բնակարաններ, չհաշված առանձնատունը: Սա ամենեին էլ նոր երեւույթ չէ: Նույնիսկ խորհրդային տարիներին ձեռներեց քաղաքացիները կարողացել են սիրելի զոքանչի կամ ազգականների անվան տակ մի քանի բնակարան ստանալ: Այնպես որ, ոմանք ստացել են ծայրերը, իսկ մյուսները՝ արմատները:
Ինչ վերաբերում է Սահակին, ապա նրա ընտանիքը միայն նշված «առանձնատունն» ունի, եւ բնակարանային պայմանների բարելավման հույս գրեթե չկա: Հնարավոր է, երբ թոռները մեծանան, կրթություն ստանա, բարձր վարձատրվող մասնագետներ դառնան, կամ իսկական բիզնես ունենամ, ինչ-որ բան կփոխվի…
Սմբատ Գրիգորյան
Հ.Գ. Մի տեսակ անհարմար է այդ խղճուկ տնային պայմաններում Սահակին հարցնել ամանորյա սեղանի համար գնումների մասին: Միանշանակ պարզ է, որ որոշ ընտանիքների համար ավանդական դարձած խոզի բուդը բացակայելու է…





























